Հայոց Պատմություն

Պոմպեոս          

Պլուտարքոսի համարյա բոլոր համեմատական կենսագրությունները կառուցված են համարյա միանման սխեմայով` պատմվում է հերոսի ծագման, ընտանիքի, երիտասարդ տարիների, դաստիարակության, գործունեության և մահվան մասին: Այսպիսով մեր աչքի առաջով անցնում է հերոսի ամբողջ կյանքը, որը նկարագրվում է տվյալ ժամանակաշրջանին բնորոշ բարոյափիլիսոփայական  միտումով:
Դեռևս անհիշելի ժամանակներից տարբեր ժողովուրդների միջև ընթացել են կատաղի պատերազմներ հանուն իշխանության և տարածքների: Այս պատերազմների ընթացքում իրենց խիզախությամբ աչքի են ընկել բազում մարտիկներ: 
Այդ մարտիկներից մեկն էր Պոմպեոս Մագնուսը:
Նա ծնվել է 106թ-ին Հռոմի ճանաչված ընտանիքներից մեկում: Ժողովուրդը նրան սիրում էր, սակայն տանել չէր կարողանում նրա հորը` Ստրաբոնին, որը մահանում է կայծակի հարվածից: Ի հակադրություն Ստրաբոնի ծայրաստիճան փառասիրության` Պոմպեոսը չափավոր էր ամեն-ինչում, բնավորությամբ` ազնիվ, շրջահայաց և սիրալիր էր, կարողանում էր անշահախնդիր օգնել, ուներ համոզիչ խոսք, սիրում էր ռազմական վարժանքները, կարողանում էր արքայական ընծաներ անել և միարժամանակ էլ արժանապատվորեն ընդունել ընծայվածը: 18 տարեկանից մասնակցել է ռազմական արշավների, որոնց ընթացքում հաղթել է Միհրդատ թագավորին, մաքրելէ ծովը ծովահեններից, իսկ 71թ-ին դաժանորեն ճնշել է Սպարտակի ապստամբությունը: Դեպի Հռոմ տանող ողջ ճանապարհի երկայնքով տեղակայելով ապստամբների խաչված մարմինները:
Նա Հռոմի ամենահզոր դեմքերից էր: Թեև նա հակված էր ամեն ինչում չափավոր լինել և ջատագովն էր հանրապետական գաղափարախոսության, սակայն դա նրան չէր խանգարում ունենալ բազմաթիվ կալվածքներ և հաճախակի առասպելական շքեղության ճաշկերույթներ կազմակերպել:
Իշխանության գլուխ մնալու նպատակով նա ընկերանում է Հուլիոս Կեսարի հետ, և կնության է վերցնում նրա դստերը, սակայն ինչպես այն ժամանակաշրջանի շատ մեծահարուստներ, կանանց գերադասում է փոխարինել պատանիներով:
Հետագայում Կեսարի դստեր Յուլիայի սիրային արկածների պատճառով Կեսարը և Պոմպեոսը վիճում են:
Պոմպեոսը երեք փառահեղ հաղթանակներ է տարել` առաջինը Աֆրիկայի, երկրորդը Եվրոպայի և երրորդը Ասիայի վրա: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ նա գրավել է ողջ աշխարհի բնակեցված մասը:
Նրան նախանձում էին և նրանից վախենում էին:
Պոմպեոսը հզորացավ և ճանաչում ձեռք բերեց բացառապես օրինական ճանապարհներով: Սեփական նախաձեռնությամբ նա կարևոր ծառայություններ մատուցեց Սուլլային Իտալիան ազատագրելու ընթացքում:  Անգամ Սուլլայի մահից հետո, Լիպիդի հակառակությունը անտեսելով, Պոմպեոսը պատվով թաղեց Սուլլային և իր աղջկան կնության տվեց նրա որդուն:
Անարդարությունները, որոնք Պոմպեոսը թույլ էր տալիս պետական և դատական հարցերում, հիմնականում հղված էին նրա բարեկամական կապերից: Չէ  որ, թէ Կեսարը և թէ Սցիպիոնը նրա աներներն էին: Ընկերներին ընդառաջելով մասսամբ էլ անգիտակցաբար Պոմպեոսը մեծ վնաս էր հասցրել հռոմեացիներին:
Որպեսզի ընկերներին ցույց տա իր անկախությունն ու հզորությունը, Պոմպեոսը իրեն պարտավոր չէր համարում ենթարկվելու իր իսկ սահմանած օրենքներին և կարգին:
Նա կարող էր մեծահոգի լինել թշնամու հանդեպ, ինչպես օրինակ ծովահենների դեպքում, երբ նա բնակեցրեց նրանց քաղաքներում, այդպիսով փոխելով նրանց արհեստը և կյանքի ընթացքը: Նա իր դաշնակիցը դարձրեց պարտության մատնված Տիգրան թագավորին, որին կարող էր, որպես գերի ման տալ իր հաղթական երթի ժամանակ, սակայն իր իսկ խոսքերով նրա համար հավերժությունը ավելի մեծ արժեք ունի, քան մեկ օրը:
Պոմպեոսը հանուն հայրենիքի բարօրրության հրաժարվեց մի այնպիսի  փառքից, ինչպիսին կարելի էր համեմատել միայն Ալեքսանդրի հաղթարշավներից բերված փառքի հետ:
Թերևս Պոմպեոս կատարել է նաև մի քանի աններելի սխալ: Դա նրա փախուստը, նահանջն էր Հռոմից, երբ Կեսարը հինգ հազար մարդով գրավվել էր Իտալիայի միակ քաղաքը: Նման փոքրաթիվ զորքի հնարավորությունները նա փոքրոգորեն գերագնահատել էր: Բացի այդ նա ճանապարհ էր ընկել իր կնոջ և երեխաների հետ, այնինչ պետք է վտանգի մասին զգուշացներ նաև մյուս քաղաքացիներին էլ: Սկզբունքայնորեն Փախուստի փոխարեն նա հնարավորություն ուներ մարտնչելու, կամ խաղաղ բանակցություններ վարելու հակառակորդի հետ, նամանավանդ, որ Կեսարը նրա համաքաղաքացին և բարեկամն էր:
Արդյունքում նրա սխալների պատճառով նրան կշտամբեցին հենց այն հռոմեացիները, որոնց հրահրմամբ էլ նա գործել էր այդ սխալները:

49թ-ին կայսրությունում սկսվում է քաղաքացիական պատերազմ: Պոմպեոսի զորքը ջախջախվում է Ֆարսալի հարևանությամբ: Հռոմի Նախկին տիրակալը փախչում է Եգիպտոս, որտեղ և սպանվում է: Նրա գլուխը ուղարկում են Կեսարին նվեր, սակայն Կեսարը հրամայում է նվիրատուներին մահապատժի ենթարկել: Պոմպեոսի հուղարկավորությունից հետո Կեսարը դառնում է Հռոմի կայսր:





Լեզուն որպես էթնիկական գործոն



Ժամանակակից սոցիալական փիլիսոփայության մեջ իր ուրույն նշանակությունն ունի «ազգ» հասկացության սահմանումը և մեկնաբանությունը։ Եվ պատահական չէ, որ ինչպես հայրենական, այնպես էլ օտար մասնագիտական գրականության մեջ այդ խնդրի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր և իրարամերժ ըմբռնումներ։
 Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է ազգը, Հովհ. Քաջազնունին պատասխանում է, որ առաջին հայացքից միանգամայն պարզ և հասկանալի թվացող այս «հասկացողութիւնը շատ էլ  յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի  ու վիճելի», որի պատճառով էլ ազգը բնութագրելիս «առաջ է եկել մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն այնտեղ, ուր թվում էր` ամէն բան պարզ է ու հասկանալի»։
Մասնագիտական գրականության մեջ ընդունված է առանձնացնել ազգերի ձևավորման տարբեր «մոդելներ»։
Ազգերի ծագման  հայեցակարգը, որն ընդունված է անվանել էթնիկական կամ էթնոմշակութային (գերմանականը), կապված է ռոմանտիզմի հետ և «ազգը» դիտում է որպես «ոգու օրգանական միասնություն», որը հենվում է ընդհանուր ծագումնաբանության (այստեղից էլ` բազմաթիվ ժողովուրդների մոտ պահպանված «նախահոր» առասպելը), էթնիկ ինքնագիտակցության (որը կարող է որոշ ժամանակ նաև «ննջել», բայց և արթնանալ ինչ-որ ժամանակ), որոշակի մշակութային կայուն պաշարի և լեզվի ընդհանրության վրա։
Եվրոպական լեզուներում «ազգ» (nation) հասկացությունը չունի նույն իմաստը, ինչ` հայերենում։ Եվրոպական լեզուներում «nation» բառը նշանակում է պետություն կազմող ժողովուրդ, այսինքն` ազգությունը որոշվում է պետական պատկանելությամբ։
Նման ըմբռնումը չի համապատասխանում իրականությանը, որովհետև կան բազմաթիվ ազգեր, որոնք զրկված են անկախ պետականությունից, և կան բազմաթիվ պետություններ, որոնք բնակեցված են տարբեր ազգերով։ Կամ` պատմական անցյալում ունենալով պետականություն, լեզու, մշակույթ և պետությանը հատուկ այլ  ինստիտուտներ, ժամանակի և հանգամանքների բերումով զրկվել են պետականությունից` պահպանելով լեզուն, ինքնատիպ մշակույթը, ավանդույթները, առասպելները, ինչպես նաև պատմական հիշողությունը այդ պետության մասին։ Ազգը բնութագրելիս հաշվի են առնում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներ` ընդհանուր ծագումնաբանությունը, լեզվի յուրահատկությունը, մարդաբանական տեսակը, մշակույթի և պատմության ընդհանրությունը, տարածքային կապը, զուգակցությունը պետության հետ և այլն։
Այս գործոններից կարծում եմ հայ ժողովրդի համար ամենաէականը և բնութագրիչը լեզուն է։
Դեռևս 1860 - ականներին գերմանացի բանասեր Ռ. Բեկը փորձում էր ապացուցել, որ ազգության միակ իրական չափորոշիչը լեզուն է։ Այս տեսակետը հարազատ է ոչ միայն գերմանական, այլև հայ ազգայնականությանը, և, պատահական չէ, որ ավելի հաճախ, ինչպես նկատում է Հ. Մանանդյանը, ազգաբնակչությունը նշելու համար հայ պատմագիրները օգտագործել են «Հայաստանեայք», «աշխարհն Հայոց», «երկիրն լեզուին Թորգոմեան աշխարհին» ձևակերպումները, միաժամանակ ավելացնելով, որ ինքը «ազգ» բառը գործածելու է «միմիայն ծագումով, անցեալով ու լեզուով իրարից տարբերուող կուլ- տուրական խմբակցութիւնների համար»  ։ Լեզվի դերը ազգերի ձևավորման և կայացման գործում կարևորում են ազգայնականության գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Ընդգծելով տարբեր գործոնների` հատկապես կրոնի կարևորությունը, Հովհ. Քաջազնունին գրում է. «Լեզունշատ աւելի քան կրօնը - արտայայտում է իր մէջ իր հեղինակների հաւաքական հոգին։ Միւս կողմից - եւ դարձեալ շատ աւելի քան կրօնըինքը լեզուն դնում է իր սեփական կնիքը մարդկանց հոգիների վրայ»։ Շարունակելով իր միտքը` Քաջազնունին գրում է. «Կարելի է ասել, որ հայ ազգը ծնունդ առաւ այն ժամանակ միայն, երբ Սահակն ու Մեսրոպը կազմեցին (կամ վերակազմեցին) հայկական այբուբենը եւ երբ առաջի թարգմանիչները հայե- րէն լեզուով թարգմանեցին սուրբ գիրքը»։ Լեզվի նշանակությունը և կարևորությունը ազգերի կյանքում միանգամայն հասկանալի է, որովհետև. «Ազգը կենդանի է իր լեզուով, ինչպէս եւ լեզուն կենդանի է այնչափ միայն, որչափ կենդանի է ազգը։ Լեզուի մահը` ազգի մահն է, ինչպէս եւ ազգի մահը` լեզուի մահն է»։ Լեզվի արժեքը հասկանալու համար բավական է հիշել, որ «ազգային պայքարը` ամենամեծ չափով` լեզուային պայքար է», և պատահական չէ, որ երբ «մի զօրեղ ազգ ուզում է կլանել իրանից թույլերին, ամէնից առաջ յարձակւում է լեզուի վրայ։ Եւ երբ վտանգի ենթարկուած ազգը ուզում է պաշտպանել իրան, ամէնից առաջ պաշտ- պանում է լեզուն»։ Անդրադառնալով այն երևույթին, որ Օսմանյան կայսրության մեջ երկար ժամանակ չէին ձգտում «թրքացնել նվաճած ժողովուրդներին»` Հովհ. Քաջազնունին գրում է. «...Թուրքերը սիրում են յիշեցնել պարծանքով, որ Օսմանեան կայսրութեան մէջ երբէք չի եղել պետական հալածանք ոչթուրք լեզուների դէմ»։ Փաստը մոտավորապես ճիշտ է, սակայն, այդտեղ «պարծենալու բան չկայ», գրում է նա, որովհետև պատճառը եղել է ոչ թե թուրքերի «վեհանձնութիւնը, համբերատարութիւնը ու լայն ազատամտութիւնը, այլ պարզապէս պետա- կան տհասութիւնը»։ Նրա կարծիքով` Պոլսում նստած «քաղաքագէտները» չէին կարող տեսնել այդքան հեռուն, «մանաւանդ որ ազգերը անւտանգ դարձնելու համար նրանք ունէին ու մէջընդմէջ գործադրում էին շատ աւելի արմատական մեթոդ - ֆիզիկական ջարդ։ Մարդու բերանից լեզուն հանելը բարդ ու նուրբ գործողութիւն է, որ պահանջում է կուլտուրական հասունութիւն, սիստեմատիկ աշխատանք ու երկար ժամանակ։ .... Շատ աւելի պարզ ու մատչելի բան է` լեզուի փոխարէն գլուխը կտրել»։
Մյուս ազգայնականների նման Հ. Մանանդյանը նույնպես մեծ կարևորություն էր տալիս լեզվին և ազգությունը սահմանում էր որպես «առանձնայատուկ կուլտուրական խմբակ- ցութիւն, հիմնուած ընդհանուր ցեղական ծագման, ընդհանուր լեզուի եւ ընդհանուր անցեալի վրայ եւ նրանցով պայմանաւորուած»։ Ինչ վերաբերում է «ընդհանուր բնակավայրին» և «կրո- նին», ապա դրանց դերը կարևորելով հանդերձ, Մանանդյանը «անհրաժեշտ հատկանիշներ» չի համարում ազգության համար։ «Ընդհանուր բնակավայրը ազգութեան բնորոշ յատկանիշ չէ այն պարզ պատճառով, որ ազգութիւնը շատ դէպքերում արտերկրային խմբակցութիւն է, յենուած կուլտուրական ընդհանրութեան վրայ»,- գրում է նա։ Թվում է` Մանանդյանը կամ մեր մյուս մտածողները ազգը կտրում են պետությունից. իրականում դա մեր տխուր իրականության` ազգային պետության բացակայության հետևանքն էր, որովհետև նրանք շատ պարզ գիտակցում էին այն, ինչի մասին գրում է Քաջազնունին. «Ինքնապահպանման բնազդը մղում է ազգերը դէպի ինքնուրոյն պետական կեանք, .... «պետական կեանքը ազգային կեանքի գոյութեան (կամ առնվազն նրա ապահովութեան) անհրաժեշտ պայմաններից մէկն է»։

Քրիստոնեական արժեհամակարգը և ազգային ինքնությունը
301 թվականին Հայոց պետականության ղեկին գտնվող Տրդատ Գ Մեծը Հայաստանում` առաջինը աշխարհում, քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:
Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:
4-5-րդ դարերում հայ կյանքի լուսավորության ընթացքի ջահակիրները եղան Ս. Գրիգորը՝ ով քրիստոնեության լույսը տարածեց հայ կյանքից ներս, Ս. Ներսեսը՝ ով հայ կյանքից ներս տարածեց քրիստոնեական բարոյականությունը, գթասրտությունը և ընդհանրապես կենցաղավարությունը, և վերջապես Ս. Մեսրոպն ու Ս. Սահակը՝ հայոց գրերով վառելով հայ մշակույթի նախորդ դարերից եկող հավատքի լույսը:
 Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բնորոշմամբ.<<Հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը ծնունդ տված է նաև հայ մշակույթին: Հայ լեզուն և գրականությունը, սկսած մանավանդ հինգերորդ դարեն, հայ ճարտարապետությունը, հայ քանդակագործությունը, հայ մանրանկարչությունը, հայ հոգևոր երաժշտությունը, հայ հանճարի այս վավերական արժեքները, հայ ժողովրդի կառուցած ոգեղեն տաճարը կհանդիսանան՝ շաղախված Քրիստոսի Ավետարանի լույսով>>:
Այսպիսով, Տրդատ Մեծ–Սուրբ Գրիգոր գործակցությամբ սկսած շարժումը շարունակվեց գրերի գյուտի ժամանակ Վռամշապուհ-Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց երրորդությամբ, եկեղեցական և դպրության մարզերից հետո իր լրումին հասնելով հավաքաբար Վարդանանց անվանվող շարժմամբ: Մի շարժում, որում իրար էին միահյուսված հայ հոգևորականությունը և նախարարները:
Ընդհանրապես նկատելի  է, որ մեր պատմության ամենափառավոր էջերը գրվել են հայոց  հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համատեղ գործակցությամբ, և անհնար է տարանջատել ու ասել, թե այդ էջերից որն է Հայոց պատմությանը պատկանում և որը Հայոց  եկեղեցու պատմությանը: Եվ ընդհանրապես, մեր եկեղեցու և ժողովրդի պատմությունը այնպես սերտորեն է միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոոր չէ դրանք ներկայացնել, որովհետև հայ ժողովրդի պատմության ընթանցքի շարադրումը  մի զգալի մասով վերածվում է Հայոց եկեղեցու պատմության ընթացքի և հակառակը՝ Հայոց եկեղեցու պատմությունը ոչ միայն ստուգաբանվում է հայոց պատմության  ընդհանուր ընթացքի մեջ, այլև, ըստ էության, հաճախ նույնանում է նրա հետ:
Ահա այս պատճառով է, որ մեր եկեղեցու խոշորագույն գործիչներից Մաղաքիա պատրիարք Օրմանյանն իր եռահատոր կոթողային գործն անվանել է <<Ազգապատում>>, ուր ազգ բառի ներքո ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը՝ ըստ հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագրության:
Կարո՞ղ էր հայ ազգային ինքնագիտակցություն գոյություն ունենալ առանց Պատմահայր Խորենացու և ընդհանրապես ոսկեդարյան մեր դպրության:
Հայոց պետականության անկումից հետո Հայոց եկեղեցու՝ իբրև ազգային եկեղեցու դերն առավել մեծացավ, որովհետև օտար իշխողների մոտ հայոց հայրապետներն էին ներկայացնում հայ ժողովրդին:
Դարեր շարունակ հավատը և ազգությունը ոչ միայն նույնացած են եղել մեր ժողովրդի համար, այլև հայության կյանքում այս նույնացումը կատարել են նաև օտարները, որի խոսուն արտահայտությունն է և այն փաստը, որ մեր պատմագրության մեջ մեկ օրինակ իսկ չի հիշատակվում, որ որևէ մեկ հայից կամ հայ ժողովրդի մեկ հատվածից պահանջվեր ուրանալ ազգությունը: Միակ պահանջը եղել է հավատը և եկեղեցին ուրանալը, որով, ինքնըստինքյան, կորսվել են և’ լեզուն, և’ ազգությունը: Նույն այս պատճառով է, որ լեզուն կորցրած հայերը եկեղեցու միջոցով պահել են ազգությունը, իսկ եկեղեցուց հեռացած և ոչ միայն կարճ ժամանակում ձուլվել է ուրիշ ազգերի հետ՝ կորցնելով իր ազգային ինքնությունը: Ինչպես գրում է Մաղաքիա պատրիարք Օրմանյանը.<<Հայոց եկեղեցին եղած է այն միակ հոդակապը, որ Հայկա սերունդին ցրված մնացորդները կրցած է իրարմե անքակտելի պահել և իբրև մեկ ազգ պահպանել>>:
Հայոց ազգային ինքնության՝ Հայոց եկեղեցու դրոշմը կրելով է բացատրվում և հայ դպրոցի՝ հայ եկեղեցու նախագավիթը լինելու ավանդական ըմբռնումը: Այս պատճառով է, որ հայը ուր գնացել է, իր համայնքային կյանքի կազմակերպումն սկսել է դպրոցի և եկեղեցու հիմնմամբ՝ որպես երկու հիմնասյուները մեր ազգային կյանքի: Եվ նույն այս պատճառով է, որ հայոց եկեղեցական կառույցն է մնում ազգային ինքնության և հայապահպանության գլխավոր գործոնը Սփյուռքում, իր շուրջը համախմբելով կուսակցություններին, հասարակական, բարեսիրական և մշակութային կազմակերպություններին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնաբար չի կարող կատարել համախմբող այն դերը, որը վերապահված է մեր եկեղեցուն և հոգևորականությանը:
Հայության ու քրիստոնեության իրար միաձուլումը մեր ժողովուրդը և օտարները լավագույնս արտահայտել են այդ երկու բառերի իրար միահյուսումից՝ հայ քրիստոնյա, և այս երկուսի ներդաշնակ միությունն է մեր ազգային ինքնության՝ դարերի փորձառությամբ անցած լավագույն արտահայտությունը:

Հայերենի տեղը և դերը համաշխարհային լեզվական համակարգում
Հայերենը աշխարհի հին լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրբենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակին մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդությունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։ Դարերի ընթացքում հայերենով ստեղծվել և ստեղծվում են մշակութային ու գիտական արժեքներ, որոնք կարևոր են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար։ Հայերեն տարբեր բնագրերի միջոցով են պահպանվել անցյալին վերաբերող շատ տեղեկություններ, որոնք վերաբերում են ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների մշակույթին ու պատմությանը։
Հնում լեզուներն ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց  կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։ Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ 
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։
5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։ Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրա- կան լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ:
Լեզուն մարդկության հաղորդակցման հիմնական և գլխավոր միջոցն է։ Մարդն իր մտքերը ձևավորում ու արտահայտում է բառերի ու նրանցով կազմվող նախադասությունների միջոցով։

 Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը. նա առաջավոր գիտության, մշակույթի, գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։

Комментариев нет:

Отправить комментарий